Նոյեմբերի 11-14-ը Հայ Առաքելական եկեղեցու Դանիայի Հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը:
Նոյեմբերի 12-ին Կոպենհագենի Սանկտ Յոհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը, օրվա խորհուրդով քարոզեց Հոգեշնորհ Հայր Տիրանը: Ս. Պատարագին ներկա էր նաև Դանիայի Թագավորություն ՀՀ դեսպան Տիար Ալեքսանդր Արզումանյանը: Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Տիրանը Օրհնության Գիր փոխանցեց համայնքի հինգ անդամների` Արթուր Կարապետյանին, Արմեն Ավագյանին, Շառա Թուրաք Մաղաքյանին, Վլադիմիր Կիրակոսյանին, Աշոտ Բաղդասարյանին, ովքեր իրենց եկեղեցասեր ընթացքի, համայնքի կազմակերպման հարցում ունեցած կառուցողական մեծ նշանակության համար, մատուցած մեծ աջակցության համար Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել էին Օրհնության գրերի ու գնահատանքի:
Պատարագից հետո բոլորը հավաքվեցի եկեղեցուն կից սրահում միասնական սիրո ճաշի: Նույն օրը երեկոյան հանդիպում եղավ համայնքի վարչության անդամների հետ, ովքեր ներկայացրեցին անցյալ տարիների կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, զրուցեցին համայնքին վերաբերող հարցերի ու խնդիրների շուրջ, առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ընդունելություն Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Դեսպան Ա. Արզումանյանի հետ խոսեցին և քննարկվեցին ապագա համագործակցության, ծրագրվող միջոցառումների և արարողությունների մասին:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Կոպենհագենի Մայր Եկեղեցու եպիսկոպոս Անդերս Բորրե Գադեգորդի հետ: Հայր Անդերսի հետ քննարկվեցին հարցեր հետագա համագործակցության, միասնական, համատեղ կատարվող արարողությունների ու ծրագերի մասին: