Zum Inhalt springen

Կրոնական առաջնորդների ընդունելություն Ավստրիայի նախագահի մոտ

Հոկտեմբերի 3-ին Ավստրիայի Հանրապետության նախագահ Վան Դեր Բելլենն ընդունեց Ավստրիայում օրենքով ճանաչված եկեղեցիների ու կրոնական համայնքների առաջնորդներին: Հոֆբուրգում կայացած այս ավանդական հանդիպման ժամանակ նախագահը հիշեցրեց հոգևորականներին ու կրոնական համայնքների ղեկավարներին իրենց սոցիալական պատասխանատվության մասին: Անդրադառնալով կրոնական համայնքների կարևոր դերակատարությանը հասարակական կյանքում՝ Վան Դեր Բելլենն իր խոսքում նշեց, որ կրոններն արժեքավոր դեր են կատարում հասարակության համախմբման և գիտակցության ձևավորման գործում: Վերջում նախագահը հորդորեց ներկաներին շարունակել ընթանալ միության ճանապարհով՝ պահպանելով համակեցության ներկայիս վիճակը և հետևելով մարդկության հիմնարար արժեքներին:

 Հանդիպմանը ներկա գտնվեց նաև Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը: Ընդունելության շրջանակներում հայրապետական պատվիրակն առանձնազրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում նրան ներկայացրեց Ավստրիայի հայ համայնքի ներկա վիճակն ու ծառացած մարտահրավերները: Քննարկվեց նաև պատերազմի արդյունքում վերջին տարիներին Ավստրիայում հաստատված սիրիահայ ընտանիքների կարգավիճակի խնդիրը: Հոգեշնորհ Հայր Սուրբի հրավերին ընդառաջ՝ նախագահը խոստացավ մոտ ապագայում այցելել Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցի և ավելի մոտիկից ծանոթանալ համայնքի հոգևոր-մշակութային կյանքին: